Կիրակի Օմանի արտակարգ դրությունների կենտրոնը կոչ է արել տարհանել սուլթանատի մայրաքաղաքի եւ մերձակա Էզ Զախիր գավառի բնակիչներին «Շախին» մոտեցող ցիկլոնի պատճատով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Arabiya-ին:

Օմանի տեղեկատվական գործակալության տվյալներով՝ ներկայում տարերքի էպիկենտրոնը գտնվում է Մասքաթ գավառից 60 կմ հեռավորության վրա: Նույնանուն քաղաքի օդանավակայանում, որը դրա վարչական կենտրոնն ու երկրի մայրաքաղաքն է, ներկայում չեղարկված են բոլոր չվերթները:

Տեղական օդերեւութաբանական կենտրոնի տեղեկություններով՝ քամու արագությունը կազմում է 32 մ/վ, առաջիկա ժամերին այն կաճի: Ակնկալվում է 200-500 մմ տեղումներ, ինչը կարող է հորդառատ անձրեւների պատճառ դառնալ: Հայտարարվել է նախազգուշացում, ալիքների բարձրությունն արդեն հասնում է 8-12 մետրի:

Օմանին, ԱՄէ-ին ու Սաուդյան Արաբիային մոտեցուղ «Շախին» ցիկլոնի մասին հայտարարվել էր շաբաթ: Սուլթանատի արտակարգ ծառայությունները կոչ են արել շրջանների բնակիչներին, որտեղ ակնկալվում են առավել լուրջ հետեւանքներ, լքել իրենց տներն ու տեղափոխվել կառավարության կողմից հատուկ նախապատրաստված ապաստարաններ: Կիրակի եւ երկուշաբթի Օմանում պաշտոնապես հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր պետական եւ մասնավոր հատվածներում:

Ցիկլոնը սկսել է ձեւավորվել վերջին օրերին հնդկական ափի մերձակայքում եւ ուժ հավաքել՝ ներթափանցելով Պարսից ծոց. այդպիսի տարերային երեւյթն օդերեւութաբանության պատմության մեջ գրանցվում է առաջին անգամ: Այն արդեն հարվածել է Իրանի տարածքում, որտեղ, ինչպես հաղորվում է, կան տուժածներ եւ անհետ կորածներ: