Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը:

Ինչպես հաղորդվել էր, նախորդ նիստին փոխվեցին Արմեն Գեւորգյանի փաստաբանները: Այժմ նրա շահերը կներկայացնեն փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաեւը եւ Լուսինե Սահակյանը (բացառապես ընթացիկ մեղադրանքին վերաբերող մասով):

Դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց վերջին նիստը մեկ շաբաթով` փաստաբաններին գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն տալու համար: Սակայն փաստաբան Սահակյանը նշեց, որ աշխարհում հազիվ թե գտնվի այնպիսի մարդ, ով կարողանա նման ծավալի ծանոթանալ մեկ շաբաթվա ընթացքում: