ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատարանը մի քանի օր է հատկացրել փաստաբանին գործի նյութերին ծանոթանալու համար։

Դատական նիստն սկսվեց դատավոր Աննա Դանիբեկյանի հաղորդմամբ, որ  տեղեկություն է ստացվել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւից այն մասին, որ ներկա լինել չի կարող, քանի որ մասնակցում է մեկ այլ դատական նիստի։

Փաստաբան Լուսինե Սահակյանը դատավորին խնդրեց ծանոթանալ հաղորդագրությանը եւ հրապարակել այն։ Կոչուբաեւը նաեւ տեղեկացնում է, որ խնդրում  է փոխել նիստերի ժամանակացույցը։

Դատավորը տեղեկացրեց, որ գործի նյութերն ուղարկվել են փաստաբաններին։ Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ էլեկտրոնային փոստով չի ստացել, այլ ստացել է փոստով, ընդ որում՝ միայն հոկտեմբերի 1-ին, եւ ոչ բոլոր նյութերը։ «Ստացվում է, որ ծանոթանալու համար ինձ տրվել էր 2 աշխատանքային օր։ Այդպիսի տաղանդ ես չունեմ»,- ասաց փաստաբանը։ Դատավորն առարկեց, որ նյութերն ուղարկվել են էլեկտրոնային փոստով սեպտեմբերի 28-ին։ «Ես կարող եմ ցույց տալ իմ էլեկտրոնային փոստը, ես ոչինչ չեմ ստացել»,- պատասխանեց փաստաբանը։ Հասցեն ճշտելով՝ դատավորը պնդեց, որ նյութերն ուղարկվել են այդ հասցեով։ Նա նաեւ հավաստիացրեց, որ նյութերին ծանոթանալու համար բավական ժամանակ էր հատկացվել։ Աննա Դանիբեկյանն ասաց, որ ամբողջ ծավալին ծանոթանալ պետք չէր, այլ միայն այն մասին, որը վերաբերում է պաշտպանյալին։ Փաստաբանն առարկեց՝ ասելով, որ իրավաբանական կրթություն ունի եւ հասկանում է, թե ինչին պետք է ծանոթանա։