ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայումս ԱԺ պատգամավոր եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նրա անձեռնմխելիության ճանաչման մասին միջնորդություն ներկայացրեց։ 

Փաստաբանը հիշեցրեց, որ ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ լինելը ենթադրում է պատգամավորի անձեռնմխելիություն, իսկ անձեռնմխելիությունից զրկելու դեպքում պետք է նաեւ ԵԽԽՎ-ի համաձայնությունը։

«Անձեռնմխելիությունը բացարձակ է, մշտական եւ անժամկետ։ Այն կիրառվում է նաեւ պատգամավորի լիազորությունների դադարեցումից հետո»,-ընգծեց փաստաբանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանն արգելել էր Գեւորգյանին մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին։

Փաստաբանը նկատեց, որ դատախազի հայտարարությունը տարօրինակ է․ Գեւորգյանի անձեռնմխելիությունը որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ ճանաչված է Հայաստանի միջազգային պայմանագրով։ «Գեւորգյանին արգելելով մեկնել Ստրասբուրգ՝ Դուք թույլ չտվեցիք ԵԽԽՎ-ում բարձրացնել գերիների հարցը եւ Հայաստանի շահերից բխող գործողությունները»,-ասաց փաստաբանը։

Դատավորը խնդրեց հստակեցնել, թե ինչ գործողություններ են ակնկալվում դատարանից։ «Դուք ընդամենը պետք է կատարեք պայմանագրի պահանջը։ ԵԽԽՎ-ում ներկայացուցիչ լինել նշանակում է տարեկան մի քանի անգամ մասնակցել նիստերի»,-պարզաբանեց Սահակյանը։  «Ի՞նչ է նշանակում բացարձակ անձեռնմխելիություն»,-հարցրեց դատավորը։  Փաստաբանը պատասխանեց, որ չի կարող մեջբերել ողջ միջազգային օրենսդրությունը։ «Քրեական հետապնդումը տեղավորվո՞ւմ է այդ շրջանակում»,-հարցրեց դատավորը։ Փաստաբանը չպատասխանեց՝ նկատելով, որ հիանալի հասկանում է, թե որը կլինի դատավորի հաջորդ հայտարարությունը։ «Դա միջազգային տերմինաբանություն է, եւ Հայաստանը վավերացրել է փաստաթուղթը»,-հիշեցրեց փաստաբանը։