Երեւանում եւ Գյումրիում հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 3-ը տեղի կունենան «Digiweek 2021»-ը։

Միջոցառման նպատակը, որը կազմակերպում են ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ամբողջ աշխարհի հայության միավորումն է բարձր տեխնոլոգիաների զարգացման հնարավորությունների շուրջ։

«Digiweek 2021»-ի շրջանակում կբացվի «Digitec Expo» ցուցահանդեսը, որը կդառնա ամենամեծը բոլոր նախորդներից՝ ավելի քան 1400 քառակուսի մետր մակերեսով եւ ավելի քան 100 ընկերությունների մասնակցությամբ, ինչպես նաեւ կբացվի «Hyetech Showcase 2021» ցուցահանդեսը։

Առաջին անգամ տեղի կունենա նաեւ «Digitec Summit 2021» կոնֆերանս, կքննարկվեն  Հայաստանում եւ աշխարհում բարձր տեխնոլոգիաների ոլորտի խնդիրները՝ համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը հոկտեմբերի 6-ի մամուլի ասուլիսում ասել է, որ միջոցառումներին կմասնակցեն նաեւ այն ընկերությունները, որոնք վերջին 1,5-2 տարում Հայաստանում ավելի քան 2 մլրդ դոլարի ներդրումներ են կատարել, իսկ այդ ընկերությունների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 12 մլրդ դոլար։

Նա ավելացրել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին ելույթով հանդես կգա «Moderna» ընկերության համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը։

Միջոցառումների շրջանակում տեղի կունենա Koreez-ի լավագույն ուսանողների, աշակերտների եւ մանկավարժների պարգեւատրման արարողություն։