Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընթացքում ամերիկացիներն ուղերձներ են փոխանցել Իրանի ներկայացուցիչներին`Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ (JCPOA) Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտադրությունների մասին: Այս մասին չորեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Գիտեք, երբ ես այն ժամանակ Նյու Յորքում էի, միջնորդների միջոցով հաղորդագրություններ էի ստանում ամերիկացիներից: Այդ ուղերձների էությունն այն էր, որ ամերիկացիները փորձում էին ընդգծել, որ հարգելի պարոն Բայդենը լուրջ մտադրություններ ունի ԳՀՀԾ-ն կյանքի կոչելու, ինչպես նաեւ այդ պայմանագրերի շրջանակներում Իրանի ժողովրդի իրավունքների եւ շահերի իրագործմանը հատուկ ուշադրություն դարձնելու հարցում»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Թեհրանն աշխատում է Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի (JCPOA) վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետ կապված բանակցությունները վերսկսելու հարցի շուրջ, ժամկետները կորոշվեն մոտ ապագայում, ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Մենք այժմ Թեհրանում աշխատում ենք դրա շուրջ (վերադառնալ Վիեննայի բանակցություններին): Մոտ ապագայում մենք կորոշենք բանակցություններին վերադառնալու ժամանակը»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը: