Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում Ամերիաբանկը բացեց իր նոր «Հրազդան» մասնաճյուղը, որն արտոնյալ պայմաններով ծառայություններ է առաջարկում բոլոր այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որոնք այս մասնաճյուղում հաշիվ կբացեն եւ բանկի հաճախորդ կդառնան:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց մասնաճյուղերի եւ կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը, ֆիզիկական անձանց Ամերիաբանկը հնարավորություն է տալիս հաշիվ բացելով ստանալ անվճար Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունները, ինչպես նաեւ մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` մեկ տարի չվճարելով սպասարկման դիմաց: Ֆիզիկական անձինք կստանան նաեւ անվճար հաշիվ՝ բանկային ծառայությունների ամբողջ փաթեթով, իսկ VISA ստիկերի համար կվճարեն տարեկան 1500 դրամ՝ 3000 դրամի փոխարեն:

Իրավաբանական անձանց եւս տրամադրվում են Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայություններ` մեկ տարի անվճար սպասարկմամբ, կազմակերպության 2 ղեկավարները կստանան մեկական դեբետային եւ կրեդիտային քարտ` մեկ տարով ազատվելով սպասարկման վճարից: Ավելին, կազմակերպությանը նաեւ կտրամադրվի Business տեսակի քարտ՝ կրկին առանց մեկ տարվա սպասարկման վճարի:

«Վստահ ենք, որ նոր մասնաճյուղը սպասարկման նոր որակ կբերի տարածաշրջան», - նշեց Անդրանիկ Խաչատրյանը:

«Հրազդան» մասնաճյուղը թվով երկրորդն է Կոտայքի մարզում: Այն հարմարավետ է, տարբերվում է նորարարական լուծումներով ու տեխնոլոգիական հագեցվածությամբ: Սեղաններին, օրինակ, ներկառուցված է հատուկ մեխանիզմ, որը կարող է լիցքավորել հաճախորդի հեռախոսը, մինչեւ վերջինս սպասարկվում է մասնագետի կողմից: Ընդ որում, կարիք չկա հեռախոսը լարով միացնել հոսանքին. բավական է այն ուղղակի դնել սեղանին՝ լիցքավորման նշանի վրա:

Բանկի նոր մասնաճյուղը 9 աշխատատեղ է ստեղծել, եւ դրանց մեծ մասը զբաղեցրել են տարածաշրջանի բնակիչները: Անդրանիկ Խաչատրյանի խոսքով, բանկի զարգացմանը զուգընթաց հնարավոր կլինի ավելի մեծ թվով նոր աշխատատեղեր ստեղծել:

Նոր մասնաճյուղի մեկ այլ կարեւոր առանձնահատկությունն այն է, որ դրա մուտքը հարմարեցված է հատուկ կարիքներ ունեցող հաճախորդների համար, այդ թվում՝ տարեցների եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց:

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը հայտնեց, որ այս տարի Ամերիաբանկն արդեն 4 նոր մասնաճյուղ է բացել, որոնցից երեքը՝ Երեւանում: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է եւս մեկ մասնաճյուղ բացել՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

«Փաստորեն այս տարվա ընթացքում հինգ մասնաճյուղ ենք բացում, ինչը վկայում  է եւ բանկի զարգացման բարձր տեմպերի, եւ ընդհանուր առմամբ հաճախորդների բազայի եւ բիզնեսի ակտիվության տեմպի մասին», - ասաց նա:

Բանկի գործառույթների մեծ մասը, մասնագետի խոսքով, այսօր արդեն կատարվում է մասնաճյուղերից դուրս՝ օնլայն հարթակում:

«Դուք կարող եք պատկերացնել, թե թվայնացման ի՛նչ մակարդակի մասին է խոսքը: Մեր հիմնական առաջնահերթությունը մնում են թվային տեխնոլոգիական լուծումները: Թվային ասելով, նկատի ունեմ օնլայն համակարգերը, բանկի օնլայն հարթակները, որոնք նույնպես շատ կարեւոր դերակատարություն ունեն ժամանակակից աշխարհում: Այդ հարթակները աստիճանաբար, ժամանակի ընթացքում միավորելով, մենք կստանանք որոշակի էկոհամակարգեր, որտեղ մեր հաճախորդները կկարողանան հիմնական կարիքների, այդ թվում նաեւ ոչ ֆինանսական կարիքների լուծումները գտնել մեկ տեղում, հնարավորինս հարմար պայմաններով», - ասաց Արման Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային եւ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է եւ դասվում է երկրի ամենակայուն եւ խոշոր ֆինանսական հաստատությունների շարքը:

Նշենք նաեւ, որ «Հրազդան» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը՝ ք. Հրազդան, Միկրոշրջան, Զ. Անդրանիկի պողոտա 139, 139/3, 139/4 հասցեով: