Վերին Լարսի անցակետում հայ վարորդների նկատմամբ կանխակալ վերաբերմունք չի եղել եւ չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերին Լարսի անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը:

«Նման բան չի եղել, որ որեւէ վարորդի հետ կապված գործընթացներ լինեն ազգային կամ այլ հիմքերով: Լսել եմ, որ մարդիկ հավաքվում են Թբիլիսիից ոչ հեռու, հայ վարորդներին պահում են, իսկ մնացածներին՝  թույլ են տալիս անցնել: Բայց ես չեմ կարող գնահատական ​​տալ այս տեղեկատվությանը: Միայն կարող եմ ասել, որ Թուրքիայից մեքենաների հոսքը մեծ է: Պետք է մի փոքր սպասել: Նման բան հնարավոր է»,-ասաց նա։  

Հիշեցնենք, որ վարորդ Տարոն Մարգարյանը հոկտեմբերի 4-ին NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ շուրջ 200 հայկական բեռնատար մեքենա կանգնած է Լարս տանող ճանապարհին մոտ 10 օր: «Մեզ թույլ չեն տալիս անցնել: Կա միայն մեկ բացատրություն. հայերի համար ճանապարհը փակ է: Մեր աչքի առաջ վրացական եւ ադրբեջանական համարանիշներով մեքենաներ են անցնում, բայց մեզ թույլ չեն տալիս անցնել: Սա կանխամտածված քայլ է` շրջափակելու Հայաստանը»,-ասել էր նա։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը իրավիճակը բացատրում է ռուսական կողմի շինարարական աշխատանքներով։