Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է տեղեկացնել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Ամերիկյան դպրոցներ և հիվանդանոցներ արտասահմանում» ծրագրի կողմից ստացել է 813,135 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ՝ ՀԱՀ-ում Մեդիա լաբ հիմնելու համար։ Մեդիա լաբի նպատակն  է տարածել ժողովրդավարական արժեքներ, նպաստել քաղաքացիական լրագրության զարգացմանը, խթանել քաղաքացիների ներգրավվածությունը սոցիալական լրատվամիջոցներում և աջակցել տեղեկատվության ճիշտ վերլուծությանը։

Որպես 21-րդ դարի ամերիկյան կրթական հաստատություն, ՀԱՀ–ն իր առաքելության մի մասն է համարում իր համայնքի մեծաթիվ ուսանողներին, ինչպես նաև ավելի լայն քաղաքային և գյուղական զանգվածներին կրթելը և տեղեկացնելը: ՀԱՀ Մեդիա լաբը կգործի որպես համայնքային մեդիա կենտրոն և կօգնի բացահայտել հասարակության կարողությունների զարգացման լավագույն ռազմավարությունները՝ ստեղծելով մրցակցային առավելություն նաև համալսարանի համար։ Արդյունքում, կընդլայնվեն ուսանողների ուսուցման հնարավորությունները և կբարելավվեն իրենց առաջնորդության հմտությունները:

ՀԱՀ Մեդիա լաբը ոչ միայն կնպաստի ՀԱՀ համայնքի բոլոր անդամների, այլ օգտվողների, հրավիրյալ բանախոսների և միջոցառումների մասնակիցների քաղաքացիական ներգրավվածությանը, այլ նաև կընդլայնի ինստիտուցիոնալ կապերն ու համագործակցությունը տեղական և միջազգային այլ համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ: Այս համայնքը հնարավորություն կունենա մասնակցելու արդի մեդիա հասկացությունների և այլ թեմաների վերաբերյալ մասնագիտացված վերապատրաստումների։ Ավելին, Մեդիա լաբի միջոցով ՀԱՀ-ը կզարգացնի փորձագիտական կարողությունները և կնախաձեռնի նոր համագործակցություններ և հետազոտություններ:

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում:  ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի  հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից և հանդիսանում է Քալիֆորնիայի համալսարանի համագործակիցը: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի միջոցով ՀԱՀ-ը  Հայաստանում և տարածաշրջանում տրամադրում է արևմտյան չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ միաժամանակ խթանելով նորարությունը և հետազոտական աշխատանք կատարելը, քաղաքացիական ներգրավվածությունը, համայնքային ծառայությունը և ժողովրդավարական արժեքները: