Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեին ռազմական ինստիտուտի շրջանավարտների առջեւ իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկիրը կոշտ պատասխան կտա տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայության դեպքում, հաղորդում է IRNA-ն:

«Մեր տարածաշրջանի երկրները չպետք է թույլ տան օտարերկրյա բանակներին ներկա գտնվել կամ միջամտել իրենց գործերին: Պատրանք է նրանց կողմից անվտանգության ապահովման վրա հենվելը: Եւ նրանք, ովքեր ունեն այդ պատրանքը, առաջիկայում կարժանանան ապտակի, քանի որ ուրիշ երկրների ուղիղ կամ անուղղակի միջամտությունը կվերածվի աղետի»,-հայտարարել է Խամենեին:

Նա նաեւ հավելել է, որ Իրանի հարեւանների բանակը կարող են ապահովել իրենց անվտանգությունը տարածաշրջանում, եւ բնութագրել է օտարերկրյա ուժերի ներկայությունը որպես «տարաձայնությունների աղբյուր»:

Բացի այդ, Իրանի Սահմանային ծառայության ղեկավար գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտարարել է, որ իսրայելցիները գտնվում են Ադրբեջանի հետ սահմանների երկայնքւոմ, սակայն նրանց ստույգ թիվը հայտնի չէ, հաղորդում է Mehr-ը:

«Իսրայելցիները գիտեն, որ Իրանի զսպող ուժն այնպիսին է, որ նրանք չունեն օպերատիվ ուժ մեր սահմաններին: Նրանք կարող են միայն հրահրել տարածաշրջանի երկրներին փոխել իրենց սահմանները, արգելել բեռնատարների մուտքն ու բարձրացնել մուտքի համար գանձվող վճարների չափը»,-ասել է իրանցի գեներալը՝ հավելելով, որ տարածաշրջանի բոլոր երկրներից իսրայելցիներն առավել ակտիվ են Ադրբեջանում: