Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի հերթական նիստում ՀԲՄ խորհրդի նոր նախագահ է ընտրվել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։

Հայաստանի բանկերի միությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս պաշտոնում նա կփոխարինի «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանին, ով միությունը նախագահել է 2020-2021 թվականներին:

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը և խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Արտակ Անանյանին արդյունավետ գործունեության համար և նորընտիր նախագահին մաղթել բեղմնավոր աշխատանք հաջողություններ:

Նշենք, որ ՀԲՄ կանոնադրության համաձայն միության նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով:

ՀԲՄ խորհրդի նախագահ Գևորգ Մաչանյանն ունի ավելի քան քառասնամյա աշխատանքային փորձ բանկային համակարգում, որից քսանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կենտրոնական բանկում, իսկ հիմնադրման օրվանից հանդիսանում է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը: Գևորգ Մաչանյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: