Համակարգչային տեսաքարտերի գների ամառային անկումը աշնանը փոխարինվեց կտրուկ գնաճով: Նման տվյալներ է ներկայացնում 3DCenter-ը` հիմնվելով եվրոպական մանրածախ առեւտրի վերլուծության վրա, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փաստացի, գները վերադարձել են 2021 թվականի գարնան սկզբի մակարդակին: Ժամանակակից Nvidia տեսաքարտի գինը միջինում աճել է 72 տոկոսով, մինչդեռ AMD ադապտերներ համար պետք է առաջարկվող գնից 83 տոկոս ավել վճարել: Այնուամենայնիվ, նույնիսկ նման ուռճացված գներով դժվար է վաճառքում գտնվող տեսաքարտ գտնել:

Որպես նոր թանկացումների պատճառներ նշվում են տեսաքարտեր արտադրողների` բաղադրիչների մատակարարման հետ կապված խնդիրները: Բացի այդ, առկա է նաեւ մայնինգի գործոնը. շարունակվում է կրիպտոարժույթով համակարգչային սարքավորումների գնումը վիրտուալ մետաղադրամի արդյունահանման համար: Վերջապես, պահանջարկը խթանում են նաեւ գեյմերները, ովքեր արդեն հուսահատված են եւ պատրաստ են առաջարկվող գնից ավելի շատ վճարել տեսաքարտ գնելու համար: