ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով դեսպանին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ներկայումս ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելը: Եվ հաշվի առնելով շվեդական արդյունաբերության աննախադեպ հաջողությունները, որոնք տեղի են ունեցել բավական կարճ ժամանակահատվածում՝ նախարարը բարձր է գնահատել Շվեդիայի հետ սերտ գործակցությունն ու փորձի փոխանակումը:

Անդրադառնալով թվայնացման հարցում Շվեդիայի կառավարության կողմից մշակված և իրականացվող հաջող ռազմավարությանը՝ նախարարն այս ուղղությամբ ևս կարևորել է համագործակցության հեռանկարները: «Հայաստանը կարող է գրավիչ լինել միջազգային ներդրողների համար, եթե մենք թվայնացված հանրություն ունենաք: Ներկայումս բանակցություններ ենք վարում միջազգային կառույցների, ներդրողների հետ, որոնք հետաքրքրված են մեր երկրի թվայանցման գործընթացի զարգացումներով», - նշել է Վահագն Խաչատուրյանը:

Խոսելով օրակարգային առաջնահերթությունների մասին՝ դեսպան Սվենսոնը ընդգծել է երկու երկրների միջև փոխգործակցության առկա հնարավորությունները և հավելել, որ Հայաստանն ու Շվեդիան իրարից շատ տարբեր լինելով՝ բազմաթիվ ընդհանրություններ ունեն: Դեսպանը նշել է, որ Հայաստանում թվայնացման, նորարարության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում զգալի առաջընթաց է նկատվում և այս առումով ողջունելի է համարել կառավարության մոտեցումն ու ոլորտին ցուցաբերած աջակցությունը: Սվենսոնն ընդգծել է, որ ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության բարձր մակարդակը Հայաստանում շատ տպավորիչ է:

Դեսպանը նշել է նաև, որ իրենք հետաքրքրված են տաղանդների ներգրավմամբ և այդ նպատակով արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում կրթական համակարգում բազմաթիվ կրթաթոշակներ են տրամադրվում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես՝ մասնագիտական փորձի փոխանակման, էկոհամարգի զարգացման, երկու երկրների ստարտափների համագործակցության, կրթական ծրագրերի շրջանակներում։

Նախարարը և դեսպանը համոզմունք են հայտնել, որ հայ-շվեդական բարեկամական, փոխշահավետ հարաբերությունները կունենան շարունակական զարգացում: