Եվրամիության երկրների առաջնորդները խոստացել են աջակցել Ուկրաինայի «էներգետիկ անվտանգությանը» եւ Կիեւում կայացած գագաթնաժողովի ժամանակ ստորագրել են համաձայնագրեր, որոնք ուղղված են կապերի ամրապնդմանը հաղորդում է AP-ը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հանդիպումից հետո հայտարարությամբ վերահաստատել են իրենց «անսասան հանձնառությունը Ուկրաինայի քաղաքական ասոցիացիայի եւ Եվրամիության հետ Ուկրաինայի տնտեսական ինտեգրման ամրապնդման գործում»:

Նրանք ընդգծել են, որ Ուկրաինայում հետագա բարեփոխումները եւ կանոնակարգային փոփոխությունները կօգնեն պայմաններ ստեղծել ԵՄ-ի հետ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների բարելավման համար, ինչը կհանգեցնի Ուկրաինայի հետագա աստիճանական տնտեսական ինտեգրման ԵՄ շուկայում:

Զելենսկին հույս է հայտնել, որ ԵՄ-ն «քաջություն եւ հեռատեսություն» կցուցաբերի՝ Ուկրաինային հստակ ազդանշան տալու համար, որ երկիրը «եվրոպական տարածքի անբաժանելի մասն է»: Ուկրաինան և ԵՄ-ն համաձայնագիր են ստորագրել, որն ուղղված է օդային ուղեւորությունների դյուրացմանը, ինչը, ըստ Միշելի, «բացում է շուկան էժան ավիաընկերությունների համար եւ բազմաթիվ այլ հնարավորություններ է տալիս փոխանակումների եւ այցելությունների համար»: ԵՄ առաջնորդները նաեւ վերահաստատել են իրենց «անսասան աջակցությունն ու նվիրվածությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Զելենսկին ԵՄ-ին կոչ է արել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: