Պենտագոնը ցանկանում է, որ պաշտպանական կապալառուները կրճատեն գերձայնային զենքի վերջնական արժեքը: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարի հետազոտությունների եւ նախագծումների գծով տեղակալ Հայդի Շուն, փոխանցել է Reuters-ը:

Ստեղծման փուլում գտնվող հաջորդ սերնդի գերարագ հրթիռները ներկայումս արժեն տասնյակ միլիոններ մեկ միավորի համար: «Մենք պետք է պարզենք, թե ինչպես շարժվել դեպի ավելի մատչելի գերձայնային տեխնոլոգիաները», - հայտարարել է նա:

Ներկայումս Միացյալ Նահանգներն օգտագործում է թեւավոր հրթիռներ, որոնք արժեն մոտ 5 միլիոն դոլար՝ թշնամու տարածքի խորքերում հարվածներ հասցնելու համար: Սակայն թեւավոր հրթիռները զիջում են գերձայնային զենքերին, քանի որ դրանք ավելի կարճ հեռահարություն ունեն, շատ ավելի դանդաղ եւ ավելի խոցելի են հայտնաբերման եւ ոչնչացման համար:

Պենտագոնի համար գերձայնային զենքի ստեղծման վրա աշխատում են եւ՛ Lockheed Martin-ը, եւ՛ Raytheon Technologies-ը:

Գերձայնային հետազոտությունների համար Պենտագոնի՝ 2022 թվականի ֆինանսական տարվա բյուջետային հայտը կազմել է 3.8 միլիարդ դոլար՝ 3.2 միլիարդ դոլարով ավելի, քան մեկ տարի առաջ:

Սեպտեմբերին ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի հեռանկարային հետազոտական նախագծերի գործակալությունը հաջողությամբ փորձարկել է օդահրթիռային գերձայնային զենք, որն ունակ է ձայնի արագությունից հինգ անգամ ավելի մեծ արագություն բացել: Սա զենքի այս դասի առաջին հաջող փորձարկումն էր 2013 թվականից ի վեր:

Գերձայնային զենքերը մթնոլորտի վերին շերտերում շարժվում են ձայնի արագությունից ավելի քան հինգ անգամ մեծ արագությամբ կամ ժամում մոտ 6200 կիլոմետր արագությամբ: