Հակամարտությունները պետք է լուծվեն երկխոսությամբ, ոչ թե ուժով։ Այս մասին ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ Երեւանում հոկտեմբերի 13-ի համատեղ մամուլի ասուլիսում։

«Հայաստանը բարդ շրջան անցավ անցած տարի։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Հնդկաստանի կառավարության եւ ժողովրդի անունից խորին ցավակցություններ հայտնել հայ ժողովրդին, հատկապես նրանց, ովքեր հարազատներ են կորցրել»,- նշել է հնդիկ նախարարը։

Սուբրամանյամ Ջայշանքարն ընդգծել է, որ Հնդկաստանի դիրքորոշումը հետեւողական է՝ նա կողմնակից է խաղաղ կարգավորմանը դիվանագիտական ճանապարհով, ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։ Հնդկաստանը միշտ հանդես է եկել նման մոտեցման օգտին, հիշեցրել է նախարարը։

«Մենք կարծում ենք, որ հարցերը պետք է լուծվեն երկխոսությամբ, ոչ թե ուժով։ Մենք դեմ ենք բռնությանը։ Մենք աջակցում ենք գործընթացին ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։ Դա առաջ ընթանալու ամենակենսունակ մեթոդն է։ Այս մասին էլ ասել եմ նախարարին»,- ավելացրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը։