Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում բնակվող արցախցի 24 ընտանիքը կշարունակի այդտեղ մնալ մինչեւ նոյեմբերի վերջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ինեսսա Հովհաննիսյանը, որն իր ամուսնու եւ երկու անչափահաս երեխաների հետ մոտ մեկ տարի այդտեղ է ապրում։

««Վերադարձ դեպի Քաշաթաղ»ՀԿ–ի ղեկավարը եւ Քաշաթաղի առաջին դպրոցի տնօրենը գնացել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ բացատրել, որ մենք կարճ ժամանակում չենք կարող տուն գտնել եւ տեղափոխվել։ Նախարարության հետ համաձայնության են եկել այն պայմանով, որ չենք ջեռուցելու շենքը եւ այս ընթացքում պիտի բնակարան գտնենք, որի վարձը կհատուցի  «Առաքելություն Հայաստան» ՀԿ–ն՝ Միասնական սոցիալական ծառայության հետ մեկտեղ»,–  ասաց Ինեսսան։

Հիշեցնենք՝ NEWS.am–ը հոկտեմբերի 6–ին գրել էր, որ արցախցի 24 ընտանիքներին հնգօրյա ժամկետում Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի շենքն ազատելու պահանջ են դրել։ Հոկտեմբերի 5–ին կենտրոնի տնօրեն Տաթեւիկ Շիրինյանը տեղահանված եւ շուրջ մեկ տարի է այդ շենքում բնակվող արցախցիներին ասել էր, որ հոկտեմբերի 10–ին պետք է ազատեն շենքը։

Ինեսսան պատմեց, որ այս օրերին Մայակովսկի գյուղում տուն է գտել ու դիմել Միասնական սոցիալական ծառայություն, սակայն հատուցման գործընթացը ձգձգվում է։ «Ասում են՝ մինչեւ չգանք, տունը չտեսնենք, գնահատում չանենք, չենք կարող գումարը տալ։ Ասել են, որ առնվազն երկու շաբաթ պիտի սպասենք, որից հետո  կկատարվի տան գնահատում»,– պատմեց Ինեսսան։

50 000 դրամով կարո՞ղ են մի հավաբուն գտնել ու ընտանիքին տեղավորել. արցախցի 24 ընտանիք 4 օրից պիտի ազատի ուսումնական շենքը