Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի նիստը կանցկացվի հոկտեմբերի 15-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը:

Հանդիպման օրակարգի նախագիծը ներառում է տասնմեկ հարց: Սպասվում է, որ պետությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն ԱՊՀ շրջանակներում համագործակցության վերաբերյալ, որոշում կկայացնեն 2022թ․ Համագործակցության նախագահության մասին: Ենթադրվում է, որ հաջորդ տարի Ղազախստանի Հանրապետությունը կնախագահի ԱՊՀ-ում:

Գագաթաժողովը նախատեսում է նաև ընդունել ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հայտարարություն՝ Համագործակցության 30-ամյակի կապակցությամբ:

Պետությունների ղեկավարները նաև կքննարկեն, և ինչպես ակնկալվում է, կստորագրեն այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են «Կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության մասին հայտարարությունը» և «Միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացման մասին հայտարարությունը»:

Նախատեսվում է ստորագրել եւս երկու փաստաթուղթ՝ կապված անվտանգության ոլորտում համագործակցության հետ: Դրանք են՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացման), ահաբեկչության ֆինանսավորմանը և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորմանը դիմակայելու մասին և ԱՊՀ անդամ երկրների հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի մասին որոշումը:

Բացի այդ, նախատեսվում է հաստատել Գերագույն (բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի ձևավորման մասին համաձայնագիրը, ինչպես նաև որոշում ընդունել Կոմրատ քաղաքը (Մոլդովայի Հանրապետություն) 2023թ. Համագործակցության մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին