ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ձեւաչափով հանդիպում է անցկացրել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ, ովքեր մասնակցել են ավելի վաղ Մոսկվայում կայացած նիստին, հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն:

Հետախուզական գործունեության վերաբերյալ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի պատվիրակությունները:

Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ երկրներում անվտանգության եւ կայունության ապահովման ոլորտում հատուկ ծառայությունների փոխգործակցության արդիական հարցերը՝ մեր պետությունների վրա կոլեկտիվ Արեւմուտքի ապակառուցողական ազդեցության եւ դրսից «ժողովրդավարություն» բռնի կերպով արմատավորելու փորձերի համատեքստում:

Հատուկ գերատեսչությունների ղեկավարները հանգել են այն միասնական կարծիքին, որ այդ գործընթացներն ուղղված են ԱՊՀ երկրներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը, եւ համակարգված ու նպատակասլաց բնույթ են կրում: Դրանում ներգրավված ոչ կառավարական եւ միջազգային կազմակերպությունների համակարգողները արեւմտյան հատուկ ծառայություններն են: Այս առումով պայմանավորվել են այդ գործընթացներին հակազդելու համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտության մասին, ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են նաեւ համաձայնեցնել Աֆղանստանից եկող սպառնալիքների տեղայնացման եւ ահաբեկչության տարածման ու հարեւան երկրներ փախստականների ներթափանցման հետ կապված արձագանքման եւ փոխգործակցության մեխանիզմների շուրջ:

Հանդիպման ավարտին ընդունված հուշագրում նշվել է համագործակցության ձեւերն ու ուղղություններն ընդլայնելու, ինչպես նաեւ ԱՊՀ պետությունների անվտանգությունն ապահովելու գործում փոխգործակցությունն ամրապնդելու գործընկեր հատուկ ծառայությունների մտադրությունը: