Ադրբեջանում հերքել են ապօրինի ձերբակալված երկու իրանցի վարորդների ազատ արձակման մասին հաղորդագրությունը:

«Մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի պետական ​​սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ ձերբակալված երկու իրանցի վարորդների Իրան տեղափոխվելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», - ասվում է Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեի հաղորդագրության մեջ, գրել է haqqin.az-ը:

Մեջբերում ենք հաղորդագրության տեքստը.

«Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն հայտնում է, որ Իրանի քաղաքացիներ Բարզեգար Հակխի Ջաֆար Գազանֆարի եւ Նորուզ Շախրուդ Հեյդարի կողմից Ադրբեջանի մաքսային սահմանի ապօրինի հատման փաստի հիման վրա՝ Հայաստանից Ադրբեջանի Հանրապետության Խանքենդի քաղաք, սեպտեմբերի 16-ին հետաքննություն է սկսվել եւ քննություն է անցկացվում Քրեական օրենսգրքի 206.3.2 եւ 318.2 հոդվածներով: Տրանսպորտային միջոցները փորձել են հատել Ադրբեջանի պետական ​​սահմանը առանց հաստատված փաստաթղթերի եւ անցակետերից դուրս: Նրանց՝ իրենց երկիր վերադառնալու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:

Ավելի վաղ իրանական Mehr գործակալությունը հայտնել էր, որ Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցից մեկ օր անց Բաքուն ազատ է արձակել մի քանի շաբաթ առաջ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական զորքերի կողմից ձերբակալված իրանցի վարորդներին: