Իրաքից եւ Սիրիայից ահաբեկիչները ձգվում են դեպի Աֆղանստան, նրանք կարող են փորձել ապակայունացնել իրավիճակը ԱՊՀ երկրներում, ուստի պետք է մշտապես վերահսկել իրավիճակը սահմանին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իրաքից, Սիրիայից մարտական գործողությունների փորձ ունեցող զինյալներն ակտիվորեն ձգվում են այնտեղ: Հետեւաբար, բացառված չէ, որ ահաբեկիչները փորձեն ապակայունացնել իրավիճակը հարեւան պետություններում, ներառյալ՝ ԱՊՀ երկրներում, ընդհուպ ուղղակի էքսպանսիա սկսելը»,- ասել է նա՝ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով հանդիպման ժամանակ:

«Այս առումով կարեւոր է մշտապես վերահսկել իրավիճակը աֆղանական սահմանին եւ պատրաստ լինել հակազդել զինյալներին, իսկ դրա համար՝ համակարգել անվտանգության ուժերի աշխատանքը, անհրաժեշտության դեպքում՝ համատեղ հատուկ գործողություններ իրականացնել»,- հավելել է ՌԴ նախագահը:

«Աֆղանստանի տարածքից պոտենցիալ սպառնալիքների չեզոքացումը հատուկ նշանակություն ունի ԱՊՀ անվտանգության ապահովման համար: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ լուրջ ազդեցություն կարող են ունենալ այս երկրի իրադարձությունները Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում եւ այլ տարածաշրջաններում իրավիճակի վրա»,- նշել է Պուտինը: