Իրանի միջուկային մշակումների նկատմամբ կիրառվող չվերադարձի կետը դեռ չի անցել։ Այս մասին հայտարարել է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կգա ժամանակը, եւ դա հեռավոր ապագան չէ, երբ Իրանի՝ միջուկային ոլորտում առաջընթացը կդառնա անդառնալի, երբ մենք չենք կարողանա վերադառնալ չտարածման հարթություն, որի մասին պայմանավորվել էինք 2015 թվականին։ Երբ մենք հասնենք այս կետին, մենք, իհարկե, ստիպված կլինենք վերագնահատել այն, ինչ քննարկվում է բանակցությունների սեղանի շուրջ: Որովհետեւ եթե մենք չկարողանանք հասնել նրան, ինչին ձգտում էինք, մենք, իհարկե, կարիք կունենանք խոսել այլ տեսակի գործարքի մասին: Մենք դեռ դրան չենք հասել»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը։ 

«Ես վստահում եմ մեր [ԱՄՆ վարչակազմի] փորձագետներին այս հարցում, եւ նրանք մեզ ասում են, որ այսօրվանից, եթե վերադառնանք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, մենք կարող ենք վերադառնալ մեր ուզած չտարածման առավելություններին: Մենք [ամերիկյան իշխանությունները] դեռ փորձում ենք հասնել դրան, բայց կտեսնենք՝ Իրանին դա հետաքրքրու՞մ է, թե՞ ոչ»,-ասել է դիվանագետը։