Մինսկում նեղ ձեւաչափով մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

ԲԵԼՏԱ-ի տեղեկատվությամբ՝ միջոցառման անցկացման վայր է ընտրվել «Պրեզիդենտ-Օթելը»։ Համագործակցության երկրների արտաքին գործերի նախարարները կհանդիպեն նեղ ձեւաչափով եւ ընդլայնված կազմով։ Սպասվում է, որ նրանք կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի հրատապ հարցերի եւ ԱՊՀ-ում փոխգործակցության վերաբերյալ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների քննարկմանն են ներկայացված մի քանի փաստաթղթեր։ Դրանք են՝ ԱՊՀ մասնակից պետությունների Պատմաբանների եւ արխիվային աշխատողների միջազգային ասոցիացիայի (հանձնաժողովի) մասին որոշման նախագիծը, համատեղ հայտարարությունը Կենսաբանական եւ թունավոր զենքի արգելման կոնվենցիայի ամրապնդման մասին, բազմամակարդակ միջԱԳՆական խորհրդակցությունների անցկացման 2022թ. պլանը Համագործակցությունում, ահաբեկչությանը եւ ծայրահեղականության այլ դրսեւորումներին դիմակայելու խնդիրների հետազոտման բազային կազմակերպության ստեղծման որոշումը, մեթոդական հանձնարարականներ ԱՊՀ-ում կնքվող միջազգային պայմանագրերի նախագծերի մշակման  վերաբերյալ եւ այլն։

Վաղը տեսակոնֆերանսի ձեւաչափով, Բելառուսի նախագահությամբ, տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Գագաթաժողովում նախատեսվում է մի քանի հայտարարություններ ընդունել՝ կազմակերպության 30-ամյակի առիթով, կենսաբանական անվտանգության ապահովման եւ միգրացիայի ոլորտում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ։

Նախատեսված է եւս երկու փաստաթղթի ստորագրում, որոնք վերաբերելու են փոխգործակցությանն անվտանգության ոլորտում։ Դրանք են՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լեգալացման, ահաբեկչության ֆինանսավորմանը եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորմանը դիմակայելու մասին պայմանագիրը, ինչպես նաեւ ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի մասին որոշումը։

Բացի այդ, նախատեսվում է հաստատել գերագույն (բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի կազմավորման մասին համաձայնագիրը եւ ընդունել որոշում Կոմրատ (Մոլդովա) քաղաքը 2023թ. Համագործակցության մշակութային մայրաքաղաք հայտարարելու մասին։