Ադրբեջանը չի գնահատում նույնիսկ սեփական մշակույթը։ Այս երկիրը չհամաձայնվեց փոխանակել ադրբեջանցի նկարիչների կտավները, որոնք Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո թողել էր հայկական կողմը Ղարաբաղի օկուպացված տարածքներում մնացած հայկական մշակութայինարժեքների հետ։ Այս մասին ԱԺ նիստում աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Կարախանյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցիների օկուպացրած տարածքներում մնացել են հայկական մշակույթի գրեթե 2000 հուշարձան, 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար:

«Ադրբեջանցիներն ընդհանուր առմամբ ունեն 20 885 ցուցանմուշ եւ 617 000 գիրք»,-նշեց Կարախանյանը: Նախարարն ընդգծեց, որ խոսքը միայն հայկական պատմաճարտարապետական ​​եւ պատմամշակութային հուշարձանների մասին չէ։

«Դա ողջ մարդկության ժառանգությունն է։ Օկուպացիայի է ենթարկվել մի ամբողջ քաղաքակրթություն։ Ազոխի քարանձավը, Տիգրանակերտն ու Ղարաբաղն ամբողջությամբ՝ տարածք, որտեղ պահպանվում է մի ամբողջ քաղաքակրթության ժառանգություն»,-պարզաբանեց Կարախանյանը։