Մենք կարող ենք նպատակային կետ դնել, թե ստեղծվելիք «Արնա» անվանումով ազգային ավիափոխադրող ընկերության պետական բաժնեմասը երբ է բորսայում շրջանառվելու եւ տարվելու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Էյր Արաբիայի» եւ ՀՀ կառավարության կողմից ստեղծվող նոր ավիաընկերությանը:

«Դա կլինի լավագույն գնահատականը: Եթե ռիսկի ենք գնում, խնդիր չկա, բայց թող բորսան հանրային գնահատական տա իրավիճակին: Առավելեւս մենք որդեգրել ենք կոմերցիոն մոդելը, ինչը ճիշտ է, եկեք պայմանավորվածություն ձեռք բերենք, որ երեք տարվա կամ X ժամանակահատվածում մենք այս բաժնեմասերը դիվերսիֆիկացված տեսնելու ենք բորսայում շրջանառության մեջ:Կարող է մենք էլ գնենք որպես անհատներ, բայց ամեն դեպքում այդ ժամանակ պարզ կլինի, թե այս նախաձեռնության իմաստն ու արդյունքը որն էր: Ես նկատի ունեի սիմվոլիկ մենք գնենք, պարոն վարապետ»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն լ ծիծաղելով արձագանքեց. «Դուք կարող էինք ոչ սիմվոլիկ էլ գնել: Ձեր հայտարարագիրը կարդալուց հետո եմ ասում»:

«Չնայած, այո, ես կարող եմ նաեւ ինձ թույլ տալ ոչ սիմվոլիկ գնել, եթե եկամտաբերությունը լավ է»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Նշենք, որ այս նոր ստեղծվող ընկերությունում բաժնեմասնակցության համար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել 4,733,720,000  ՀՀ դրամ, իսկ Էյր Արաբիա  ընկերությանը պատկանող ընկերությունը նույնպես ներդրումն իրականացնելու է իր բաժնեմասնակցության համապատասխան դրամական միջոցներով»: