Պայթյուն է տեղի ունեցել Բեյրութի այն շրջանում, որտեղ զինվորականները հատուկ գործողություն են իրականացնում բողոքի ակցիայի մասնակիցների դեմ կրակոցներից հետո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

Թղթակցի տվյալներով՝ բանակը Բեյրութում կրակ է բացել այն շենքի ուղղությամբ, որտեղ, ենթադրաբար, թաքնվում են գրոհայինները։

Պայթյունը տեղի է ունեցել Բեյրութի Թայունի շրջանում, որտեղ զինվորականները գործողություն են իրականացնում։ Ենթադրաբար, կիրառվել է ձեռքի նռնակ շենքերից մեկի գրոհի ժամանակ, որտեղ թաքնվել էին գրոհայինները։

Բեյրութում հինգշաբթի հրաձգային կրակ են բացել ցուցարարների դեմ Բադարո շրջանում, երբ ցուցարարները շարժվում էին Արդարադատության պալատի ուղղությամբ։ Լիբանանյան լրատվամիջոցների տվյալներով՝ հրաձգության հետեւանքով զոհվել է երեք մարդ, ավելի քան տասը հոգի վիրավորվել է։ Լիբանանյան բանակը հայտարարել է, որ  որոնում է նրանց, ովքեր կրակել են ցուցարարների վրա։ Բանակայինները նաեւ տեղեկացրել են, որ կրակ կբացեն ցանկացած զինված մարդու դեմ, որին կնկատեն Բեյրութի փողոցներում։ Բանակը հայտարարել է, որ փորձում է պարզել եւ ոչնչացնել կրակի աղբյուրները։

Հինգշաբթի առավոտյան Թայունիում սկսեցին հավաքվել շիա կուսակցությունների կողմնակիցները՝ մասնակցելու համար զանգվածային ցույցին։ Նրանք պահանջում էին հեռացնել գլխավոր դատավոր Թարեք Բիտարին 2020թ. Բեյրութի նավահանգստում պայթյունի գործից։