Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Թայունի թաղամասում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է վեցի, վիրավորների թիվը գերազանցում է 60-ը, հայտնում է Al-Mayadeen-ը:

«Ըստ բժշկական աղբյուրների՝ Թայունի թաղամասում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է վեցի, ավելի քան 60-ը վիրավորվել են»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Հինգշաբթի Բեյրութի Բադարո թաղամասում փոքր զենքով կրակ էր բացվել ցուցարարների ուղղությամբ, երբ նրանք շարժվում էին դեպի Արդարադատության պալատ: Լիբանանի բանակը հայտարարել է, որ փնտրում է նրանց, ովքեր կրակել են ցուցարարների վրա: Բանակում նաեւ հայտնել են, որ կրակ են բացելու Բեյրութի փողոցներում նկատված ցանկացած զինված անձի ուղղությամբ: Բանակը հայտարարել է, որ փորձում է բացահայտել եւ չեզոքացնել կրակի աղբյուրները:

Հինգշաբթի առավոտյան շիական կուսակցությունների կողմնակիցները սկսեցին հավաքվել Թայունիում՝ զանգվածային ցույցին մասնակցելու համար, որի պահանջն է հեռացնել Բեյրութի նավահանգստում 2020 թվականի պայթյունի գործով գլխավոր դատավոր Թարեք Բիթարին: