Անհրաժեշտ է արագացնել  միասնական էներգետիկ շուկայի ստեղծման գործընթացը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Միջոցառումն անցկացվում է առցանց:

Ըստ Փաշինյանի՝ ԵԱՏՄ տարածքում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի եւ նավթամթերքի միասնական շուկայի ձեւավորումը պարզապես ԵԱՏՄ ստեղծման պայմանագրի դրույթների կատարման խնդիր չէ, այլ՝  անհրաժեշտ պայման տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք իրացման համար:

Նա նաեւ արձանագրել է զգալի առաջընթացն ապագա համաձայնագրի լրացման հարցում, ինչպես նաեւ քննարկման հարցերի շուրջ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը. «Մենք ելնում ենք նրանից, որ ԵԱՏՄ-ում փոխադարձ առեւտրի խոչընդոտների վերացումը Միության առաջնահերթություններից է, իսկ նպատակն է ապահովել ներքին շուկաների գործունեությունն առանց բացառությունների եւ սահմանափակումների, այդ թվում՝ առանց խոչընդոտների, որոնք սահմանափակում են ձեռնարկատերերի մուտքը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ:

Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է համարում ակտիվացնել առեւտրի խոչընդոտները վերացնելու, ապրանքների եւ ծառայությունների շուկաներ ստեղծելու եւ միության ներսում արդյունավետ մատակարարման շղթաներ կառուցելու ջանքերը: Նա վստահություն է հայտնել, որ թվային տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումն ու զարգացումը կնպաստեն նաեւ խոչընդոտների՝ նվազագույնի հասցմանը կամ ամբողջական վերացմանը: