Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում թվայնացման խնդիրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եվրասիական տնտեսական միության պետությունների փոխազդեցության մեկ այլ ոլորտ, որին, մեր կարծիքով, պետք է հատուկ ուշադրություն դարձնել, թվայնացումն է: Այս ոլորտում աշխատանքը թափ է հավաքում, ինչն անկասկած համապատասխանում է ինչպես գործարար շրջանակների, այնպես էլ մեր երկրների քաղաքացիների շահերին, քանի որ այն հեշտացնում է բիզնեսը, մեծացնում շարժունակությունն ու ծառայությունների մատչելիությունը»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին:

Որպես օրինակ՝ Պուտինը նշել է հուլիսի 1-ին «Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնական համակարգի համատեղ ծրագրի մեկնարկը: Այս էլեկտրոնային սերվիսը հնարավորություն է տալիս տեղեկատվություն ստանալ ԵԱՏՄ բոլոր երկրներում թափուր աշխատատեղերի, դիմումների անկետաների վերաբերյալ:

Նախագահը նաեւ նշել է, որ թվային տեխնոլոգիաներն օգնում են ԵԱՏՄ երկրների տնտեսությունները հարմարեցնել կորոնավիրուսի տարածման հետեւանքով ստեղծված իրավիճակին: Նրա կարծիքով՝ Ռուսաստանում մշակված «Ճանապարհորդիր առանց COVID-19» բջջային հավելվածը նշանակալի օգնություն է դարձել ԵԱՏՄ անդամ երկրների տարածքով քաղաքացիների տեղաշարժի վերականգնման գործում: «Այն հուսալի եւ հարմար է, մարդիկ գնահատեցին դրա արդյունավետությունը, ուստի մեր հարեւանները՝ Ադրբեջանը, Մոլդովան, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը, նույնպես այս նախագծի մասնակիցների թվում են»,- եզրափակել է Պուտինը: