Քենիայում ոստիկանության երեք սպաներ բերման են ենթարկվել ձերբակալությունից ընդամենը երեք ամիս անց «արյունարբու վամպիր» անունով հայտնի սերիական մարդասպանի անհետանալու գործով:

Մաստեն Միլիմո Վանջալան ձերբակալվել էր հուլիսի 14-ին՝ երկու երեխաների անհետացման գործով, սակայն խոստովանել էր հինգ տարվա ընթացքում առնվազն 10 մարդու սպանությունը:

«Վանջալան միայնակ սպանել է իր զոհերին ամենադաժան ձեւով՝ երբեմն մահից առաջ արյունը նրանց երակներից ծծելով»,- այն ժամանակ հայտարարել էր Քրեական հետախուզությունների վարչությունը (DCI)՝ բնութագրելով նրան որպես «արյունարբու վամպիր»:

20-ամյա տղամարդը չորեքշաբթի պետք է կանգներ դատարանի առջեւ՝ 12 եւ 13 տարեկան երեխաների սառնասիրտ սպանության գործով, երբ առավոտյան ներկա-բացակա անելիս ոստիկանները նկատել են, որ նա անհետացել է:

Երեք ոստիկաններ, որոնք հերթապահել են Նայրոբիի ոստիկանության բաժանմունքում, որտեղ նա պահվում էր, ձերբակալվել են:

Հուլիսին ոստիկանությունը Վանջալայի ձերբակալությունը բնութագրել էր որպես մեծ առաջընթաց արեւելաաֆրիկյան երկրում երեխաների մի շարք տագնապալի անհետացումների հետաքննության մեջ: Ոստիկանությունը հայտնել է, որ զոհերին թմրանյութեր են ներարկել եւ արյունազրկել են, ոմանց խեղդամահ են արել:

Ոստիկանության տվյալներով՝ Վանջալայի առաջին զոհը եղել է 12-ամյա աղջիկ, որին նա առեւանգել է հինգ տարի առաջ: Քենիայի արեւմուտքում նրա հաջորդ զոհի սպանությունը բողոքի ցույցերի պատճառ էր դարձել՝ տեղի բնակիչները հրկիզել էին այն տղամարդու տունը, որին կասկածել էին տղայի սպանության մեջ:

Մի քանի երեխաների մարմիններ, որոնք, ինչպես ենթադրվում է, մահացել են Վանջալայի ձեռքով, դեռ չեն գտնվել:

Վանջալան ներողություն չի խնդրել իր արարքների համար եւ քննիչներին ասել է, որ «հաճույք» է ստացել իր զոհերին սպանելուց: