Զիմբաբվեում փիղը կոխկրտել է 71-ամյա զբոսաշրջիկին: Միջադեպը տեղի է ունեցել «Մանայի ավազաններ» այգում, հայտնել է երկրի այգիների գործակալությունը, ուրիշ այգում փղի հետ մեկ այլ մահացու հանդիպումից օրեր անց:

Էգ փիղը հարձակվել է զբոսաշրջիկի եւ նրա 41-ամյա որդու վրա, երբ նրանք այգում առավոտյան զբոսանքի են դուրս եկել, Associated Press-ին հայտնել է Զիմբաբվեի Այգիների եւ վայրի բնության վարչության մամուլի քարտուղար Տինաշե Ֆարավոն:

«Մանայի ավազանները» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, որը հայտնի է Զամբեզի գետի երկայնքով իր հոյակապ դիրքով, փղերի եւ այլ կենդանիների լիությամբ:

Քեյփթաունի անասնաբույժ Մայքլ Բեռնար Ուոլշը վերջին 35 տարիների ընթացքում «գրեթե ամեն տարի» այցելել է «Մանայի ավազաններ»:

Հայր ու որդի իրենց մեքենան թողել են դեպքի վայրից մոտ 40 մետր հեռավորությամբ: «Ցավոք, տարիքի պատճառով ծերունին չի կարողացել հասնել մեքենային: Նրա որդին տեսել է, թե ինչպես է փիղը սպանում հորը»,- ասել է Ֆարավոն:

«Մենք չափազանց մտահոգված ենք, որ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում երկու մարդ է սպանվել»,- ասել է նա՝ նկատի ունենալով ավելի վաղ տեղի ունեցած մահացու միջադեպը, երբ որսագողության դեմ պայքարի համակարգողին փիղը կոխկրտել էր արեւմտյան Զիմբաբվեում՝ Վիկտորիա ջրվեժի մոտ: