Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ղեկավարները միավորման շրջանակներում նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկաների ձեւավորման երկրորդ փուլին անցնելու որոշում են կայացրել, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

Հանդիպումից հետո հաստատվել է ութ փաստաթղթերի փաթեթ, այդ թվում՝ «Եվրասիական տնտեսական միության նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկաների ձեւավորման երկրորդ փուլին անցնելու մասին» որոշումը: Ընդունվել է նաեւ «Կլիմայի օրակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական համագործակցության մասին» հայտարարություն:

Բացի այդ, արձանագրություն է ընդունվել ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Եվրասիական տնտեսական միության դատարանի Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց եւ աշխատակիցների կենսաթոշակների մասով:

Առաջնորդների որոշմամբ փոփոխություններ են կատարվել նաեւ զգայուն ապրանքների ցանկում, որոնց վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը կարող է փոխել ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը, հաստատվել է ԵԱՏՄ մարմիններում 2019 թվականին արտաքին աուդիտի արդյունքների վերաբերյալ զեկույցը, որոշում է կայացվել ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների խորհրդի անդամի փոփոխման մասին: