ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ԱՄՆ-ին ընտրել է Մարդու իրավունքների խորհրդի կազմում՝ ավելի քան երեք տարի անց այն բանից, երբ Թրամփի վարչակազմը դուրս եկավ դրա կազմից այն պատճառով, որ Իսրայելի նկատմամբ կողմնակալությունն անվանել էր քրոնիկ եւ առանց բարեփոխումների:

193 անդամ ունեցող Գլխավոր ասամբլեայում գաղտնի քվեարկությամբ ԱՄՆ-ը ստացել է 168 ձայն, հայտնում է Reuters-ը:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ Վաշինգտոնը նախ կկենտրոնանա «այն բանի վրա, ինչ մենք կարող ենք անել ծայրահեղ անհրաժեշտ իրավիճակներում, օրինակ՝ Աֆղանստանում, Բիրմայում, Չինաստանում, Եթովպիայում, Սիրիայում եւ Եմենում»:

ԱՄՆ սենատոր Ջիմ Ռիշը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գլխավոր հանրապետականը, դատապարտել է «անկատար մարմնի» հետ վերամիավորվելու Բայդենի որոշումը՝ նշելով, որ այդ կառույցը կենտրոնացած է Իսրայելի վրա:

«Միացյալ Նահանգները չպետք է իր լեգիտիմությունը տա այն մարմնին, որի կազմում ընդգրկված են մարդու իրավունքների խախտումների մեջ մեղավորները՝ Չինաստանը, Վենեսուելան եւ Կուբան»,- ասել է նա: