Գյուղի դիմացի դիրքերում մեր զինծառայողների եւ ադրբեջանական ուժերի միջեւ փոխհրաձգություն է եղել, բայց գյուղի ուղղությամբ չեն կրակել՝ գյուղին վնաս չի հասցվել, խուճապ չկա, նորմալ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հարավ գյուղի գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը:

«Կրակոցները որոշակի դադարներով դեռ շարունակվում են՝ ինտենսիվ չեն դրանք, բայց կան կրակոցներ»,- հայտնեց գյուղապետը:

Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:

«Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»,- նշված է հաղորդագրությունում: