Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խորհրդակցությունները հաջողությամբ չեն պսակվի, եթե Թեհրանը Վաշինգտոնից պահանջի ավելին, քան ինքն է պատրաստ առաջարկել: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք անկեղծորեն եւ անշեղորեն հավատարիմ ենք իմաստալի դիվանագիտական ​​ներգրավվածությանը` նպատակ ունենալով փոխադարձաբար վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին եւ լուծումներ գտնել Իրանին հետ կապված մեզ հուզող հարցերի ամբողջ շրջանակի համար,- ասել է նա:- Մենք ձգտում ենք փոխադարձ վերադարձի ԳՀՀԾ: Եթե ​​Իրանն ավելին պահանջի եւ քիչ առաջարկի, ապա այդ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվի»,- ասել է Փսակին:

Մեկնաբանելով իսրայելական կողմի կոչերը՝ ծրագրեր մշակել, որոնք այլընտրանք կդառնան Իրանի հետ ատոմային էներգիայի շուրջ համաձայնությունների ձեռքբերմանը, Փսակին ասել է.« Մենք կենտրոնացած ենք դիվանագիտության վրա: Այս փուլում մենք ջանքեր ենք գործադրում դա անելու համար: Ես հիմա չեմ պատասխանի հիպոթետիկ հարցերին»:

Ապրիլից Վիեննայում բանակցություններ են ընթանում Իրանի եւ միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) միջեւ իրանական միջուկային ծրագրի հարցով ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ: Կողմերը քննարկում են Իսլամական Հանրապետության նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը, միջուկային ոլորտում իր պարտավորությունների կատարումը եւ ԱՄՆ-ի վերադարձը ԳՀՀԾ-ին:

Համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները նաեւ առանձին խորհրդակցություններ են անցկացնում ամերիկյան էմիսարների հետ՝ առանց Իրանի մասնակցության: Իսկզբանե պատվիրակությունները նախատեսում էին աշխատանքներն ավարտել մայիսի վերջին, ապա՝ հունիսի սկզբին: Սեպտեմբերի 21-ին Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ միջուկային գործարքի ամբողջական վերսկսման բանակցություններն Ավստրիայի մայրաքաղաքում  կրկին կսկսվեն մի քանի շաբաթվա ընթացքում: