Հայաստանը եւ Իրանը համատեղ եւ արդյունավետ պայքարում են միջազգային թմրաթրաֆիկի դեմ։ Այս մասին հոկտեմբերի 15-ին ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների խորհրդի օնլայն նիստի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մեղադրանքներին։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շատ սերտորեն համագործակցում է Իրանի իրավապահ մարմինների հետ եւ արդյունավետ պայքարում թմրաթրաֆիկի դեմ։

«Մենք նաեւ կարող ենք ներկայացնել թվեր թմրանյութերի տեղափոխման փորձերի կասեցման փաստերի եւ առգրավված թմրանյութերի ծավալի մասին, որոնք պատերազմից հետո ավելացել են 3-4 անգամ»,- նշել է Փաշինյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ 30 տարվա ընթացքում Հայաստանը Իրանի հետ համաձայնությամբ Լեռնային Ղարաբաղի տարածքն օգտագործել է դեպի Եվրոպա թմրաթրաֆիկի իրականացման համար։ Ի հաստատումն իր խոսքերի՝ նա ասել էր, որ Իրանի հետ սահմանին թմրանյութերի տեղափոխման փորձերի կանխման դեպքերի թիվն ավելացել է երկու անգամ։