Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ բանակցությունները պետք է վերականգնվեն ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի առցանց հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Երեւանն ու Բաքուն պետք է խաղաղ պայմանագիր կնքեն։

«Համանախագահները բազմիցս նշել են այդ բանակացությունների վերսկսման անհրաժեշտությունը՝ հետագա կարգավորման նպատակով»,-ասել է Փաշինյանը։

Միեւնույն ժամանակ, Փաշինյանը նշել է ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի նախագահի հետ վերջին հանդիպման, ինչպես նաեւ Մինսկում ՌԴ ԱԳՆ ղեկավարի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կարեւորությունը։  

Նա նաեւ նշել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով քննարկումների կարեւորությունը։

«Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել նման քննարկումներին»,-ասել է Փաշինյանը։

Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը համապատասխան միջազգային կառույց՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարան հայցեր է ներկայացրել։ «Հայաստանը պատրաստվում է հնչեցնել իր բոլոր մեղադրանքներն ու փաստարկել ԼՂ հարցով իր դիրքորոշումը»,-պարզաբանել է նա։