Կան բազմաթիվ գործոններ, որոնք կասկածի տակ են դնում խաղաղության հաստատման հնարավորությունը մեր տարածաշրջանում: Այս մասին հոկտեմբերի 15-ին ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի առցանց հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ չնայած բոլոր քաղաքական ջանքերին, ի հեճուկս եռակողմ հայտարարության, մարդիկ շարունակում են մահանալ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին:

«Այս կապակցությամբ ես առաջարկում եմ ուժեղացնել միջադեպերի հետաքննության, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի եւ բոլոր ռազմական գործողությունների պահպանման եռակողմ մեխանիզմները»,- ասել է Փաշինյանը:

Նա նաեւ նշել է, որ թշնամանքի եւ ատելության հռետորաբանությունը, մշտական ​​սպառնալիքներն ու սադրանքները սովորական են դարձել:

«Շատերը ոչ միայն չեն հավատում, այլեւ չեն ցանկանում խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանում: Այս պայմաններում շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը: Բայց մենք վճռական ենք տրամադրված եւ կանենք հնարավոր ամեն ինչ՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու համար»,- շեշտել է Փաշինյանը: