ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կմնա հիվանդանոցում, որտեղ հոսպիտալացումից երեք օր անց կշարունակի բուժվել կորոնավիրուսի հետ կապ չունեցող վարակի դեմ:

75-ամյա Քլինթոնը երեքշաբթի երեկոյան տեղափոխվել էր Կալիֆոռնիայում Իրվինի համալսարանի բժշկական կենտրոն, ասել է նրա ներկայացուցիչ Անգելա Ուրենան: «Քլինթոնն ապաքինվում է»,-ասել է նա: «Նախագահը կատակում է եւ հիացնում հիվանդանոցի աշխատակազմին»,- Reuters գործակալությանը հայտնել է Ուրենան:

Բժիշկների խոսքով՝ Քլինթոնը տեղափոխվել էր հիվանդանոց գերհոգնածության հետեւանքով եւ ստացել էր ներերակային հակաբիոտիկներ:

Նախկինում նա ունեցել է սրտի աշխատանքի հետ կապված խնդիրներ, այդ թվում՝ 2004 թվականին նա շունտավորվել է, իսկ 2010-ին՝ վիրահատվել խցանված զարկերակի պատճառով:

Դեմոկրատը երկու ժամկետով գլխավորել է Սպիտակ տունը 1993-2001 թվականների ընթացքում:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, որը հսկվում է հանրապետականների կողմից, նրան իմփիչմենթ էր ներկայացրել 198 թվականին Սպիտակ տան պրակտիկանտ Մոնիկա Լեւինսկիի հետ սեռական հարաբերությունների պատճառով, սակայն Սենատն արդարացրել էր Քլինթոնին: Նա եղել է ԱՄՆ երկրորդ նախագահը, որը ենթարկվել է իմփիչմենթի: Ավելի ուշ Դոնալդ Թրամփը դարձել է իմփիչմենթի ենթարկված երրորդ նախագահը: