Հատուկ քննչական ծառայությունը թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեկնել Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստին: Այս մասին հայտարարություն է  տարածել «Հայաստան» դաշինքը:

«Հատուկ քննչական ծառայությունը թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեկնել Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստին:

Հատկանշական է, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վաղեմության ժամկետն անցած քրեական հետապնդման շրջանակներում, ինչն արդեն ծաղր է իրավունքի նկատմամբ:

Երկրի համար այս ծանր պայմաններում մեծ կապեր և արտաքին գործընկերների հետ շփման փորձ ունեցող ընդդիմադիր պատգամավորների՝ Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության իրավունքի հերթական խախտման փաստը, երբ նրանց պարզապես արգելվում է միջազգային կազմակերպություններում ներկայացնել Հայաստանը, եւս մեկ անգամ վկայում է ժողովրդավարության քայքայումը մեր երկրում։

Պարզ չէ՝ ՀԱՊԿ-ի հետ աշխատանքների կարևորության և այս իշխանությունների՝ որևէ արդյունք չստեղծող եւ միայն խնդիրներ առաջացնող արտաքին քաղաքականության պայմաններում ՀՔԾ նման քննիչները ում կամ որ երկրի շահն են սպասարկում»,-ասվում է հայտարարությունում: