United Launch Alliance ընկերության Atlas V կրիչ հրթիռը տիեզերք է ուղարկել Lucy հետազոտական սարքը, որը կզբաղվի Յուպիտերի տրոյական աստղակերպերի ուսումնասիրմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԱՄՆ աերոնավտիկայի եւ տիեզերական տարածքի հետազոտման NASA ազգային վարչության կայքին։

Սարքի արձակումը հաջող է անցել։ Ակնկալվում է, որ սարքը կհասնի Յուպիտերի աստղակերպերին 2025թ. ապրիլին եւ աշխատանքը կավարտի 2033թ. մարտին։ Սա NASA առաջին առաքելությունն է դեպի նշված աստղակերպերը։ Վարչությունում ակնկալում են, որ այն կօգնի գտնել Արեգակնային համակարգի ձեւավորման մասին մի շարք հարցերի պատասխանները։

Տրոյական աստղակերպերը ոչ մեծ երկնային մարմիններ են, որոնք գտնվում են այն կետերում, որտեղ Արեւի եւ մոլորակի ձգողականությունը հավասարակշռվում է։ Նրանք շարժվում են Արեւի շուրջը Յուպիտերի ուղեծրի երկայնքով։ Այդ մոլորակը նման մոտ 6 հազար աստղակերպ ունի, հիմնականում՝ երկու մեծ խմբերով։ Երկիր մոլորակի պարագայում բացահայտված է ընդամենը մեկ նման մարմին։