Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վեճի են բռնվել կոալիցիոն կառավարության թերությունների առիթով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մերկելը Թուրքիայում է աշխատանքային այցով։ Սա նրա հրաժեշտի այցն է այս երկիր կանցլերի պաշտոնում։

«Մերկելի հետ թուրք-գերմանական հարաբերություններում հաջող շրջան էր։ Բայց կոալիցիոն կառավարության հետ աշխատելը միշտ դժվար է։ Թուրքիայում կոալիցիոն կառավարման շրջանում բազմաթիվ խնդիրներ են եղել, բայց նախագահական համակարգի անցնելուց հետո մենք դրանցից ազատվել ենք եւ սկսել ինտենսիվ աշխատել»,- ասել է Էրդողանը Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Իր հերթին, Մերկելը նշել է, որ կոալիցիոն կառավարությունը հարմար է Գերմանիային, եւ երկիրը «չի պատրաստվում անցնել նախագահական համակարգի»։

Դրան ի պատասխան՝ Էրդողանն ասել է, որ իր հետ բանակցությունների ժամանակ Մերկելը դժգոհել է կոալիցիոն կառավարության հետ կապված դժվարություններից։

«Ճիշտ է, բայց կյանքն է այդպիսին»,- խոստովանել է Գերմանիայի կանցլերը։