Դատավոր Թարեկ Բիթարը, որը ղեկավարում է 2020թ․ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննության հանձնաժողովը, հոկտեմբերի 19-ին Լիբանանի Բարձրագույն դատական խորհրդին իր գործունեության մասին հաշվետվություն կներկայացնի: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Լիբանանյան հեռարձակման կորպորացիան: Նրա տեղեկատվությամբ՝ Բիթարին բարձրագույն դատական ատյան կանչելը կապված է հանձնաժողովի ղեկավարի շուրջ ստեղծված իրավիճակից փոխզիջումային ելքեր գտնելու վարչապետ Նաջիբ Միքաթիի փորձերի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հոկտեմբերի 13-ին շիական «Ամալ» եւ «Հըզբոլլահ», ինչպես նաեւ քրիստոնեական «Մարադա» կուսակցությունները սպառնացել են հետ կանչել իրենց ներկայացուցիչներին կառավարությունից, եթե դատավոր Բիթարը չհեռացվի պաշտոնից: Հոկտեմբերի 14-ին Բեյրութում տեղի է ունեցել շիական կուսակցությունների կողմնակիցների բողոքի ակցիա, որը հանգեցրել է փողոցային բախումների եւ Լիբանանին դրել է քաղաքացիական նոր բախումների եզրին: Աջակողմյան քրիստոնեական «Լիբանանյան ուժեր» կուսակցության անդամները հրաձգության մեջ են մտել շիա ակտիվիստների հետ, ինչի հետեւանքով յոթ մարդ է զոհվել:

Ավելի վաղ «Հըզբոլլահ»-ի առաջնորդ շեյխ Հասան Նասրուլլահը դատավոր Բիթարին մեղադրել էր հետաքննության գործընթացը դիտավորյալ քաղաքականացնելու մեջ: Նասրուլլահի խոսքով՝ հետաքննող հանձնաժողովի ղեկավարը «սխալը սխալի ետեւից է թույլ տալիս եւ հետաքննությունը տանում է ոչ ճիշտ ուղղությամբ»: Ինչպես նշում է Al-Akhbar թերթը, շիաների դժգոհությունը պայմանավորված է տեղեկատվությամբ, որ իբր Բիթարը ցանկանում է «Հըզբոլլահ»-ին մեղադրել ծովային նավահանգստում տեղի ունեցած պայթյունի համար:

Ի պաշտպանություն դատավորի եւ նրա հատուկ լիազորությունների՝ շաբաթ օրը ելույթ է ունեցել Լիբանանի արդարադատության նախարար Հենրի Խուրին: Նա ընդգծել է, որ Բիթարը «իրավունք ունի ցանկացած մեկին հարցաքննության կանչել ընթացող հետաքննության շրջանակներում»: Իր հերթին, Լիբանանի դատավորների ասոցիացիան վրդովմունք է հայտնել «Բիթարի վրա հարձակումների եւ նրան ահաբեկելու անպարկեշտ մեթոդների» կապակցությամբ: