1950-1953 թվականների Կորեական պատերազմի ֆորմալ ավարտի մասին համաձայնագրի ստորագրումը կարող է նպաստել ավելի վաղ Հյուսիսային Կորեայի հետ միջուկային խնդրի շուրջ դադարեցված բանակցությունների վերականգնմանը: Այդ մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության խաղաղության եւ անվտանգության հարցերով հատուկ բանագնաց Նո Գյու Դոքը, որը ժամանել է Վաշինգտոն իր ամերիկացի ու ճապոնացի գործընկերների հետ հանդիպելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Yonhap-ին:

«Ակնկալում եմ, որ աշխատանքային մակարդակում առաջիկա շփումների ժամանակ տեղի կունենա տարբեր հարցերի խորքային քննարկում, այդ թվում՝ պատերազմի ավարտի մասին հռչակագրի շուրջ: Այդ փաստաթութղը նշանակալի քայլ կլիներ Կորեական թերակղզում լիարժեք ապամիջուկայնացման եւ ամուր խաղաղություն հաստատելու մասին երկխողության վերականգնման ուղղությամբ»,-նշել է Նո Գյու Դոքը:

Կորեական պատերազմը, որում մասնակցել է Հարավային ու Հյուսիսային Կորեան, ինչպես նաեւ ԱՄՆ-ն ու Չինաստանը, ավարտվել է հրադադարով, խաղաղության պայմանագիր չի ստորագրվել արդյունքում:

Երկուշաբթի հարավկորեացի դիվանագետը կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Սոն Քիմի հետ, իսկ հոկտեմբերի 19-ին կկայանա եռակողմ հանդիպում ճապոնացի հատուկ ներկայացուցիչ Թաքեխիրո Ֆունաքոսիի մասնակցությամբ: Ակնկալվում է, որ կողմերը նաեւ կքննարկեն Հյուսիսային Կորեային հումանիտար աջակցությամբ միջոցներն ու Հարավի ու Հյուսիսի երկաթգծային խաչմերուկի հարցը:

Հատուկ ներկայացուցիչների միջեւ նախորդ եռակողմ խորհրդակցությունները կայացել են անցած ամիս Տոկիոյում: Դրանց ընթացքում քննարկվել են Փհենյանին երկխոսության մեջ վերադարձնելու տարբերակները, այդ թվում՝ հումանիտար օգնություն տրամադրելու հնարավորությունները: