Իշխանությունը անում է ամեն բան, որպեսզի այս ահաբեկչական մթնոլորտը անընդհատ բարձր մակարդակի վրա պահի եւ վախի մթնոլորտ տարածի: Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, ով օրերս է  30 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվել կալանքից:

«Ես հստակ չեմ կարող պատասխանել, թե ինչու ինձ 30 միլիոն դրամ գրավի դեպքում ազատ արձակեցին, իսկ Առուշ Առուշանյանին` ոչ, բայց իմ կարծիքով դա ավելի շուտ դատավորի մարդկային եւ տղամարդկային որակների հետ կապված որոշում է: Այդպես եմ կարծում, որովհետեւ ճնշումները բավականին մեծ են, բազմակողմանի են եւ իշխանությունը անում է ամեն բան, որպեսզի այս ահաբեկչական մթնոլորտը անընդհատ բարձր մակարդակիվրա պահի եւ վախի մթնոլորտ տարածի»,- ասաց նա:

Հովսեփյանը նշեց, որ ընդհանուր առմամբ քաղաքացիների ակտիվությունը լավ է, առավոտյան ոչ մի պատահար կամ դեպք չի գրանցվել, սակայն ունեն բազմաթիվ զանգեր տեղամասերից, որ փորձում են հրահրումներ կազմակերպել  տեղամասերում:

«Քաղաքում կան կարմիր բերետներ, սեւ բերետներ, ընդհանուր միջավայրը աղտոտելու հետ կապված գործընթացներ են տարվում, բայց հույս ունենք որ ընտրախախտումները եւ այս պրոցեսները լուրջ ազդեցություն չեն ունենա, իհարկե, մենք հետեւողական ենք եւ կարձագանքենք ցանկացած տեսակի ընդվզման: Ուղղորդումների դեպքեր են արձանագրվել եւ բոլորը ՔՊ-ի կողմից են արձանագրվել, Վլադիմիր Աբունցի շտաբի աշխատակազմի կողմից են գրանցվել եւ իրենց ուղղորդումների ֆոնին փորձ է արվում ինտրիգներ ստեղծել եւ խառնակչական գործողություններ ծավալել, բայց հույս ունեմ, որ մենք կարող ենք դիմակայել այդ ամենին»,- ասաց նա:

Գորիսի փոխքաղաքապետը նշեց, որ մեծաթիվ ոստիկանական ուժերը, իր կարծիքով,  վախի մթնոլորտ է ստեղծելու նպատակով են քաղաքում, որը սակայն չի ազդի գորիսեցիների ընտրության վրա: