Մեզ հայտնի էկզոմոլորակների ճնշող մեծամասնությունը հայտնաբերվել է երկու եղանակով՝ տարանցիկ եւ աստղերի ճառագայթային արագության տատանումների չափման միջոցով: Սակայն դրանցից ոչ մեկմ այլ աստղային համակարգերում աշխարհների հայտնաբերման 100 տոկոսանոց երաշխիք  չի տալիս: Ուստի շատ աստղագետներ դրանց որոնման լրացուցիչ մեթոդներ են մշակում, որոնք հնարավորություն են տալիս ավելի մեծ արդյունավետության հասնել, գրում է universemagazine.com-ը՝ վկայակոչելով Phys.org-ը:

Ավստրալացի հետազոտողների խումբը որոշեց ապավինել ռադիոճառագայթմանը: Հայտնի է, որ մագնիսական դաշտեր ունեցող արեգակնային համակարգի մոլորակներն արեւային քամու հետ փոխազդելիս հզոր ռադիոալիքներ են արտանետում: Այդ ազդեցությունը հատկապես ուժեղ է Յուպիտերի դեպքում: Դա պայմանավորված է նրանով, որ դրա Իո հրաբխային արբանյակը մեծ քանակությամբ մասնիկներ է նետում տիեզերք՝ անսովոր ուժեղ հյուսիսափայլեր առաջացնելով, որոնք բնորոշ ռադիոազդանշանների աղբյուր են:

Գիտնականները հոլանդական LOFAR ռադիոաստղադիտակի օգնությամբ ուսումնասիրել են կարմիր թզուկների պոպուլյացիան եւ գտել 19 աստղ, որոնք ռադիոճողփյունների աղբյուր են հանդիսանում: Նրանցից շատերն ակտիվ լուսատուներ են, ինչը հնարավորություն է տալիս բացատրել գրանցված ազդանշանների բնույթը: Սակայն չորս կարմիր թզուկներն արդեն անցել են իրենց հիմնական գործունեության փուլը եւ այժմ շատ ավելի հանգիստ պահվածք են ցուցաբերում:

Հայտնաբերված ազդանշանների բնույթի բացատրությունը որոնելիս աստղագետներն աստղերի ռադիոարտանետումների մոդել են մշակել՝ որպես հիմք վերցնելով Յուպիտեր-Իո համակարգի ընդլայնված տարբերակը, որը լավ համապատասխանություն է ցույց տվել դիտարկումների արդյունքներին: