Ողջունելով հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի մասնակիցներին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա եւ դաշնակցային բնույթ ունեն:  Այս մասին ասվում է Կրեմլի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։

«Մեր պետությունների միջեւ հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն եւ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցություն: Միջտարածաշրջանային համագործակցությունը շատ էական դեր է խաղում ռուս-հայկական կապերի զարգացման գործում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել փոխշահավետ ծրագրեր տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար եւ շատ այլ ոլորտներում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Պուտինը կարեւորել է, որ համաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունները, գիտական, փորձագիտական ​​եւ գործարար շրջանակները կկարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցեր եւ նախանշել հետագա համատեղ աշխատանքի ուղիները: «Հուսով եմ, որ համաժողովը կանցնի ստեղծագործական, կառուցողական ֆորմատով, սկիզբ կդնի նոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն ռուս-հայկական բեղմնավոր գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանմանը»,-ավելացրել է նա՝ հաջողություն մաղթելով ֆորումի մասնակիցներին,որն անցկացվում է Երևանում։