Իշխանությունները չեն կարողացել պատշաճ քարոզչություն իրականացնել, չեն կարողացել համոզել, թե ինչու է պատվաստումն անհրաժեշտություն և անփոխարինելի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Օրինակ, ես իքնս առողջապահության նախարարին հարցնում եմ՝ եթե պատվաստման նպատակը հակամարմիններ առաջացնելն է, ապա ինչու բնական ճանապարհով հակամարմիններ ձեռք բերած քաղաքացին, այսինքն կովիդով  հիվանդացած քաղաքացին պատվաստվի կամ գնա թեստ հանձնի: Հնարավոր չէ՞ 3-4 ամիս այդ անձը ազատվի պատվաստման պահանջից, նախարարն ինձ անտրամաբանական պատասխան է տալիս, ասելով, որ մենք այդ հակամարմինների արդյունավետությունը  չենք կարող չափել:

Բացի այդ անցել են սպառնալիքներ, ասելով, որ եթե մարդը վարակվել է կովիդով և պատվաստված չի եղել, նրա բուժումը դարձնում ենք վճարովի: Ըստ իրենց թվերի, այդ բուժումը 800 հազարից 1 մլն դրամ է, մինչդեռ մասնագետները նշում են, որ դա 150 հազարի չափ է»,-ասաց նա` հավելելով, որ անտրամաբանական է, երբ ասում են, թե պատվաստված քաղաքացիները թեստ չեն հանձնում, քանի որ նրանք կարող են վարակվել և վարակել այն անձանց, որոնք թեստ են հանձնել, բայց չեն պատվաստվել:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, իր շրջապատում կան մարդիկ, որոնք դեմ լինելով պատվաստմանը, ասում են՝ գլխացավանքից ու քաշքշուկից ազատվելու համար գնում եմ պատվաստվեմ: