Վերականգնվել է Արմավիրի մարզի Նորապատ բնակավայրից դեպի Մրգաշատ տանող ավտոճանապարհի (Հ-15 /Մ-5/ (Նորապատ) - Արգավանդ - /Մ-3/ (Վարդանաշեն) կմ 1+300 հատվածում գտնվող կամուրջը։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ նշված ճանապարհը նորոգվել է մոտ երկու տասնամյակ առաջ և այժմ անբարեկարգ վիճակում է։ Տարիների ընթացքում քայքայվել էին ճանապարհի 1.3-րդ կիլոմետրի վրա գտնվող կամրջի բետոնե պանելները, առաջացել էին նստվածքներ, և փոսային նորոգումներով ու ընթացիկ սպասարկման աշխատանքներով հնարավոր չէր վերացնել առկա թերություններն ու ապահովել անվտանգ երթևեկություն։

Նշված ճանապարհը սպասարկող «Արմավիր ճանշինվարպետ» ՓԲԸ կողմից ճանապարհի ընթացիկ պահպանման և սպասարկման շրջանակներում ճանապարհի երթևեկելի մասում փոխվել են կամրջի 3 պանելները, տվյալ հատվածում կատարվել են բետոնապատման և երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Այս աշխատանքներն իրականացվել են ճանապարհի անցանելիությունն ու երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով, իսկ ճանապարհի տարբեր հատվածներ ներառված են 2022թ. հիմնանորոգման ծրագրերում։