Ֆիննական Hesburger արագ սննդի ցանցը օգտագործված խոհարարական յուղերը փոխանցելու է վերականգնվող դիզվառելիքի վերամշակման համար, երկուշաբթի հայտարարվել է համապատասխան համաձայնագրի կնքման մասին, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վերականգնվող դիզվառելիք արտադրող Neste-ն եւ Hesburger-ը ակտիվորեն կհամագործակցեն: Ֆինլանդիայի եւ Բալթյան երկրների ավելի քան 300 Hesburger ռեստորանների կերակուրների թափոնները կվերամշակվեն՝ վերականգնվող դիզվառելիք արտադրելու համար», - ասվում է հայտարարության մեջ:

Հստակեցվում է, որ ամեն տարի Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի այս ցանցի ռեստորաններում արտադրվում է մինչեւ 420 տոննա ճարպ:

Այսպիսով, ֆաստֆուդի ցանցը 90 տոկոսով կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումները:

Միեւնույն ժամանակ, ընկերությունները ֆինների շրջանում սոցիալական հետազոտություն են անցկացրել՝ պարզելով, որ մեծամասնությունը (52 տոկոսը) դժվար աշխատանք է համարում կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառումների կիրառումը երկրից դուրս:

«Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է կոնկրետ գործողություններ եւ ընկերությունների միջեւ սերտ համագործակցություն: Hesburger-ի հետ այս համագործակցությունը կոնկրետ օրինակ է, թե ինչպես կարող է համագործակցությունը բարձրացնել կայունությունը: Միեւնույն ժամանակ, կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում մեր գործողությունները արժեք են ստեղծում Hesburger ռեստորանների այցելուների համար, քանի որ կարտոֆիլ ֆրի պատրաստելու համար օգտագործվող ձեթը կարող է կրկնակի օգտագործվել վերականգնվող դիզելային վառելիքի պաշար ստանալու համար՝ արտանետումները նվազեցնելու նպատակով: Այս կերպ մենք կարող ենք սպառողներին հնարավորություն տրամադրել ավելի պատասխանատու առօրյա որոշումներ կայացնել Ֆինլանդիայում եւ Բալթյան տարածաշրջանում», - հաղորդագրության մեջ մեջբերում են Neste-ի ներկայացուցիչ Հեյդի Պելտոնենի խոսքերը: